Posted in Մայրենի

Ծիրանի ծառ Մաս երրորդ

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Posted in Բնագիտություն

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։Անձրևի հետևանքով կրկին լցվում են գետերը, ծովերը և աճում են տարբեր բույսեր։
  2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: